«Մաթեմատիկա» ամսագիր #39.

Այս համարում ընդգրկված են.

 

Արևելյան դպրոցը ներկայացնում  է. Մաթեմատիկական խաղ՝ «Հաշվիչ»
Արևելյան դպրոցը ներկայացնում է.  Բանավոր հաշվարկ բակում-հակաքովիդ
Հյուսիսային դպրոցը ներկայացնում է. Խնդիրներ quizizz.com էջում
Ավագ դպրոցը ներկայացնում է. Ինտերակտիվ մոդելներ
Անդրադարձ ամսագրին. ներկայացնում է Գևորգ Հակոբյանը
Անդրադարձ ամսագրին. ներկայացնում է Թաթուլ Շահնազարյանը

Արևելյան դպրոցը ներկայացնում է. Մաթեմատիկական խաղ՝ «Հաշվիչ»

Արևելյան դպրոցի 4-5-րդ դասարանների մաթեմատիկայի ընտրությամբ խմբի սովորողներն առաջարկում են  «Հաշվիչ» մաթեմատիկական  խաղը:

Խաղի կանոններն են:
Խաղը խաղում են չորս հոգով: Խաղացողներից մեկը հանդիսանում  է որպես հաշվիչ, երկուսը՝ հանդիասնում են թվեր, իսկ չորրորդ մասնակիցը խաղավարն է: Խաղի նախնական փուլում մասնակիցները կարող են պայմանավորվել, որ հաշվիչը կարողանում է կատարել  միայն գումարման գործողությունը: Այս դեպքում մյուս երկու  խաղացողները՝ թվերը,   հանդիսանում են  որպես գումարելիներ: Խաղավարի ցուցումով մասնակից- հաշվիչը ասում է որևէ թիվ (օրինակ մինչև 100-ը), իսկ մնացած մասնակիցները այնպիսի թվեր են ասում, որ գումարը լինի հաշվիչի նշած թիվը: Խաղը հետաքրքիր լինելու համար, խաղավարը կարող է  խաղը սկսել գումարելիներից, մասնակից թվերը ասում են  տարբեր թվեր, իսկ հաշվիչը ասում է այդ թվերի գումարը: Մասնակիցներից մեկի սխալ պատասխանի դեպքում, խաղը ընդհատվում է, իսկ մնացած մասնակիցները դառնում են հաղթողներ:

Տե՛ս օրինակը.

Խաղը կարելի է զարգացնել, երբ մասնակից-հաշվիչը կարող է  թիվ ասել մինչև հազարը, իսկ գումարելիները լինեն երեք չորս, կամ հինգ մասնակիցներ: Խաղը կարող ենք շարունակել նաևայն դեպքում, երբ հաշվիչը կատարում է ոչ թե  գումարման գործողություն, այլ հանման, բազմապատկման, բաժանման գործողություններ:

 

Արևելյան դպրոցը ներկայացնում է.  Բանավոր հաշվարկ բակում-հակաքովիդ

Արևելյան դպրոցի 4-5-րդ դասարանի մաթեմատիկայի ընտրությամբ խմբի սվորողները ներկայացնում են բանավոր հաշվարկ խաղ-մրցույթ բակում:

 

Հյուսիսային դպրոցը ներկայացնում է. Խնդիրներ quizizz.com էջում

Հյուսիսային դպրոցի դասավանդող Անի Միրզոյանը և մաթեմատիկայի ընտրությամբ խմբի  4-5-րդ դասարանի սովորողներն առաջարկում են quizizz.com էջում պատրաստած մաթեմատիկական խնդիրներ՝ ժամանակ, ճանապարհի, արագության վերաբերյալ: Խնդիրները կարող եք լուծել խմբով, տրված ժամանակահատվածում մրցելով մի քանի սովորողներ:

Խաղը տե՛ս այստեղ:

 

Ավագ դպրոցը ներկայացնում է. Ինտերակտիվ մոդելներ

Կոլորադոյի համալսարանի Բոուլդարի PhET ինտերակտիվ մոդելների նախագիծը հիմնադրվել է 2002 թ.-ին ՝ Նոբելյան մրցանակակիր Կառլ Ուիմանի կողմից։ Ստեղծվում են մաթեմատիկայի և գիտության անվճար ինտերակտիվ մոդելներ: PHET մոդելները հիմնված են կրթության լայնածավալ ուսումնասիրությունների վրա և ներգրավում են սովորողներին ինքնուրույն մասնակցելու համար։ Բաց կրթական այդ ռեսուրսները հնարավոր է անգլերնից թարգմանել տարբեր լեզուներով։ Շուրջ 95 լեզվով 159 ինտերակտիվ մոդելներ արդեն իսկ թարգմանված են։
Ավագ դպրոցի դասավանդող Հերմինե Անտոնյանը և սովորողները շարունակում են համալրել  այդ շարք: Խաղը նախատեսված է կրտսեր դպրոցի սովորողների համար:

Թվաբանություն

 

Անդրադարձ ամսագրին. ներկայացնում է Գևորգ Հակոբյանը

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մենթոր-ուսուցիչ Գևորգ Հակոբյանը անդրադարձել է  «Մաթեմատիկա» ամսագրի երկրորդ համարի խնդիրներին: 

1.Հայտնի է, որ БАОБАБ թիվը առանց մնացորդի բաժանվում է 101-ի: Գտե՛ք այդ թիվը։
БАОБАБ բառը գրենք հայատառ, խնդիրը կլինի.

Հայտնի է, որ ԲԱՕԲԱԲ թիվը առանց մնացորդի բաժանվում է 101-ի: Գտե՛ք այդ թիվը:

Առաջին եղանակ.

Փորձենք խնդիրը լուծել որպես թվաբանական ռեբուս:

Բ 0 Ա Բ
x
1 0 1
Բ 0 Ա Բ
Բ 0 Ա Բ
Բ Ա Օ Բ Ա Բ

 

Առաջին արտադրիչի վերջին երկու թվանշաններն են Ա և Բ: Քանի որ առաջին մասնակի արտադրյալի հարյուրավորի և Բ-ի գումարը տալիս է Բ, ուրեմն այդ հարյուրավորը 0 է: Առաջին արտադրիչի հարյուրավորը նույնպես կլինի 0: Առաջին արտադրիչի հազարավորը պետք է լինի Բ: Առաջին մասնակի արտադրյալի հազարավորի` Բ և երկրորդ մասնակի տասնավորի` Ա գումարը վերջանում է նրանցից տարբեր թվանշանով, հետևաբար նրանցից ոչ մեկը 0 չէ: Այստեղից հետևում , որ Ա=1: Նաև այդ գումարից ունենք կարգային անցում, ուրեմն Բ=9:

9 0 1 9
x
1 0 1
9 0 1 9
9 0 1 9
9 1 0 9 1 9

Պատասխան՝ 910919:

Երկրորդ եղանակ

ԲԱՕԲԱԲ թիվը գրենք կարգային գումարելիների գումարի տեսքով`

ԲԱՕԲԱԲ=Բ*100000+Ա*10000+Օ*1000+Բ*100+Ա*10+Բ=101*Բ*991+10Բ+101*99*Ա+11Ա+101*10*           Ա-10*Օ:

Որպեսզի մեր թիվը բաժանվի 101-ի, պետք է 10Բ+11Ա-10*Օ թիվը բաժանվի 101-ի: Քանի որ Ա-ն, Բ-ն, Օ-ն թվանշաններ են, ուրեմն 10Բ+11Ա-10*Օ=101: Այստեղից` 10Բ-10*Օ=101-11Ա: Այստեղից ստանում ենք Ա=1 և 10Բ-10*Օ=90 կամ Բ-Օ=9: Այս հավասարումը ունի միակ լուծում` Բ=9, O=0: Որոնելի թիվը կլինի 910919:

 

Խնդիր 2. Խորանարդի յուրաքանչյուր նիստ բաժանված է 4 քառակուսիների: Յուրաքանչյուր քառակուսի ներկված է երեք գույներից մեկով` կապույտ, դեղին կամ կարմիր, այնպես, որ ընդհանուր կողմ ունեցող քառակուսիները, ներկված լինեն տարբեր գույնով:Խորանարդը քանի՞ կապույտ քառակուսի կարող է ունենալ:

 

Խորանարդի յուրաքանչյուր նիստի վրա կլինի 4 քառակուսի, ընդամենը 24 քառակուսի: Հարմարության համար համարենք, որ մեր խորանարդի կողմը 2 է: Այդ դեպքում կարող ենք պատկերացնել, որ մեր խորանարդը կազմված է 8 հատ 1 կողմ ունեցող խորանարդներից: Այդ խորանարդներից յուրաքանչյուրից 2 կողմով խորանարդի նիստերին կերևան ընդհանուր գագաթ ունեցող 1 կողմով երեք նիստեր` ընդամենը 24: Ընդհանուր գագաթ ունեցող այդ երևացող նիստերը զույգ առ զույգ իրար հարևաններ են, այսինքն` նրանցից յորաքանչյուրը պետք է ներկված լինի գույներից մեկով, այդ թվում և կապույտով: Քանի որ 1 կողմ ունեցող խորանարդիկները 8-ն են, ուրեմն կապույտ քառակուսիների քանակը կլինի 8: Նույնքան կլինեն նաև մյուս գույնի քառակուսիները:

 

  Անդրադարձ ամսագրին. ներկայացնում է Թաթուլ Շահնազարյանը

Ավագ դպրոցի դասավանդող Թաթուլ Շահնազարյանը անդրադարձել է անդրադարձել է  «Մաթեմատիկա» ամսագրի երկրորդ համարի խնդիրներին: 

Խնդիր: Նկարում ներկայացված են երկու վեցանկյուններ, որոնցից յուրաքանչյուրը Խեցգետինն իր ճիրաններով փորձում է ուղիղ գծով բաժանել հավասար մակերես ունեցող երկու մասերի:Առաջին վեցանկյան համար նրան հաջողվեց՝ տանելով ուղիղ երկու ուղղանկյունների կենտրոններով, այնուամենայնիվ, այս եղանակով երկրորդ վեցանկյունը բաժանվեց ոչ թե 2, այլ 3 մասերի: Ամեն դեպքում, այս ուղղանկյունն էլ կարելի է բաժանել 2 մասի: Օգնեք Խեցգետնին այդ անել։

  Նախ դժվար չէ նկատել, որ ուղղանկյան անկյունագծերի հատման կետով անցնող ցանկացած ուղիղ ուղղանկյունը բաժանում է երկու հավասար մակերես ունեցող պատկերների, տե՛ս նկարը:

Մեր պատկերը լրացնենք մինչև ուղղանկյուն ստացվի, այնուհետև կատարենք հետևյալ կառուցումը, տե՛ս նկարը:

Դժվար չէ տեսնել, որ վեցանկյունը կբաժանվի երկու հավասար մակերես ունեցող պատկերների: Իրոք, մեծ ուղղանկյան մակերեսը կիսվում է, փոքր ուղղանկյան մակերեսը նույնպես կիսվում է: Հետևաբար նրանց տարբերությունները նույնպես կլինեն իրար հավասար: Այն ինչ պահանջվում էր կառուցել:

Համարի պատասխանատուներ.

Լիանա Հակոբյան և Արևելյան դպրոցի սովորողներ
Անի Միրզոյան և Հյուսիսային դպրոցի սովորողներ
Հերմինե Անտոնյան և Ավագ դպրոցի սովորողներ
Թաթուլ Շահնազարյան
Գևորգ Հակոբյան

 

Leave a Reply

Skip to toolbar